«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
09.02.2021 | 20:47

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019-ին Չինաստան այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են: «Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով», – ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020-ին, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկան է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:
ՉԺՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը:


Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը:
Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:


Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը: Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին: Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո – 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Դիտվել է՝ 4134

Մեկնաբանություններ